Մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ դերասանների միություն» ՀԿ-ն՝ հոկտեմբերի 1-8-ը կանցկացնի «Հայֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, որը կրում է «Թատերական իրարանցում» խորագիրը:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, որին կհետևի «Լիվինգ փիքչըրս» թատրոնի (Հունգարիա) «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը:
«Հայֆեստ» թատերական փառատոնին այս տարի կհյուրընկալվի 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն:
Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա տարբեր ժանրերի ներկայացումներ: Ուսանողների և երիտասարդ ստեղծագործողների համար կանցկացնեն վարպետության դասեր: